Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինն ու Փաշինյանը` ո՞վ Կրեմլում չնկատեց հայկական հեղափոխությունը

Պուտինն ու Փաշինյանը` ո՞վ Կրեմլում չնկատեց հայկական հեղափոխությունը
16.05.2018 | 09:51

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց ժողովրդական ընդվզումների ալիքի վրա նրա վարչապետ դառնալուց ընդամենը մի քանի օր անց: Կրեմլը զուսպ արձագանքեց Երևանի իրադարձություններին` չհամեմատելով «թավշե հեղափոխությունների հետ»: Ինչու՞ և ի՞նչ դեր խաղաց այս անգամ Մոսկվան: «Ես ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել վարչապետի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան առաջընթացիկ, ինչպես եղել են մինչև հիմա»` երկուշաբթի օրը Սոչիում առաջին հանդիպմանն ասաց Պուտինը: Հայաստանի նոր վարչապետին նա շնորհավորել էր ընտրության օրը` մայիսի 8-ին, իսկ ընդվզումների ժամանակ, որ ղեկավարում էր Փաշինյանը, ձեռնպահ էր մնացել որևէ գնահատականից: Կրեմլը այդպես ընդգծում էր իր չեզոքությունը երևանյան իրադարձությունների նկատմամբ, որ Ռոսնեֆտի մամլո քարտուղար Միխայիլ Լեոնտևը համեմատեց ՈՒկրաինայի հետ ու անվանեց Հայաստանին «բեռ» Ռուսաստանի համար:

Այդ մեկնաբանությունն «անհաջող» և Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ ընդհանուր ոչինչ չունեցող որակեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լեոնտևն ավելի ուշ պաշտոնական ներում հայցեց իր խոսքերի համար: Ռուսական հեռուստաալիքները նույնպես չէին քննադատում Երևանում բողոքողներին ու նրանց ղեկավարին, իսկ Պուտինն ընդվզումներն անվանեց Հայաստանի «ներքին գործ»: Դա բոլորովին նման չէ Վրաստանի «վարդերի հեղափոխության» արձագանքին կամ ՈՒկրաինայի «եվրամայդանին» 2014-ին, որից հետո Մոսկվան ապաստան տվեց նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու բռնակցեց Ղրիմը, դարձավ երկրի արևելքում կոնֆլիկտի մասնակից:
Վարչապետ Փաշինյանի հետ Պուտինը հանդիպեց Սոչիում ԵԱՏՄ սամմիթի շրջանակներում և ասաց, որ Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցության «շատ լավ արդյունքները» պետք է «ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել»: Ինչի՞ հետ է կապված այդ բարիկամեցողությունը թավշե հեղափոխության արդյունքներին: Նախագահի աշխատակազմի աշխատակիցը, որ իրավասու չէ մեկնաբանություններ տալ ԶԼՄ-ներին, նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները մի քանի պետական կառույցներ են սպասարկում: Հիմնականում նախագահի աշխատակազմի` արտասահմանյան երկրների հետ միջռեգիոնալ ու մշակութային կապերի վարչությունը Վլադիմիր Չեռնովի գլխավորությամբ:

«Իրավիճակներում, որ ձևավորվել է Հայաստանում, սովորաբար ուղարկում են էմիսարների: Չեռնովի վարչության դեպքում` մեկնում է հիմնականում նրա տեղակալը: Բայց նրանք սովորաբար հենվում են դեսպանատան կարծիքի վրա»` ասել է պաշտոնյան: Չեռնովի վարչության աշխատանքին ծանոթ մեկ այլ պաշտոնյայի գնահատականով` իրականում Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների հավաքումով, համակարգումով ու վերլուծությամբ զբաղվել է ընդամենը մեկ մարդ: Ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ հիմնական աշխատանքը կատարվել է ԱԳՆ-ի գծով` պատմել է նախագահի աշխատակազմի մեկ այլ աշխատակից: Նրա խոսքով` զարմանալի է, որ ԱՊՀ այլ երկրների դեպքում միջազգային համագործակցության ռազմավարական որոշումները միշտ ընդունվել են նախագահի աշխատակազմում: Ռուս-հայկական հարաբերություններով զբաղվել են նաև Անվտանգության դաշնային 5-րդ ծառայությունը (օպերատիվ տեղեկատվություն ու միջազգային կապեր), ՌԴ Անվտանգության խորհուրդը, մասնավորապես ԱԽ քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: Կատարվողի մասին տեղեկատվություն ունեին և ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունում (ռազմական հետախուզություն)` Գյումրիում ռուսական բազայի պատճառով:
Հայ փորձագետների ու քաղաքագետների կարծիքով` Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները կառուցվում էին հիմնականում Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի անձնական շփումների հիման վրա` «պատրոն-ենթակա» սկզբունքով: Դա նրանց կարծիքով` դարձավ հեղափոխության ոչ հիմնական, բայց նշանակալից նախադրյալ` ընդվզողներին այդ վիճակը չէր բավարարում:


Բաղրամյան 26 Telegram-ալիքի հեղինակը նշում է, որ Կրեմլը ոչ միշտ էր հաշվի առնում հայերի շահերը: Վառ օրինակ է ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին: Գործարքը սպառնալիք էր Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգությանը` կարծում են Երևանում, բայց Սարգսյանը չկարողացավ համոզել Մոսկվային հետ կանգնել գործարքից: 2016-ի ապրիլին Ղարաբաղում զինված կոնֆլիկտ բռնկվեց` հիմնականում տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախտման պատճառով: «Հետխորհրդային արտաքին քաղաքականությանը բնորոշ է, որ քաղաքականությունը կառուցվում է ոչ թե ԱԳՆ-ի, այլ նախագահների մակարդակում: Պուտինն ու Սարգսյանը բավականաչափ հաճախ էին հանդիպում»` ասում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետ, Փաշինյանի զինակից ու փողոցային ակցիաների համակարգող Արմեն Գրիգորյանը կարծում է, որ Սարգսյանի օրոք Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները կառուցվում էին նախագահական մակարդակով:


Լրագրող, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի կարծիքով` Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցվում էին և պաշտոնական խողովակներով` ԱԳՆ ու նախագահի աշխատակազմ, և ոչ պաշտոնական միջնորդների միջոցով: Նա հաստատում է, որ հայ բիզնեսմենները ենթակա էին Սարգսյանին: Օրինակ` Ալեքս գրուպի տեր Սամվել Ալեքսանյանը, որ շաքար ու ձեթ է ներմուծում, Քեթրին գրուպի տեր Միհրան Պողոսյանը, որ մոնոպոլիստ է բանանի ներկրման շուկայում: Պողոսյանը հերքում է, որ ընդհանրապես զբաղվում է բիզնեսով: Թե նա, թե Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ են ՀՀԿ-ից, որ մինչև ընդվզումները իշխող կուսակցությունն էր:

ՌԴ նախագահի աշխատակազմին մերձ աղբյուրներից տեղեկացնում են, որ Հայաստանի իրադարձությունների զարգացման մեջ մեծ դեր են խաղացել ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեններ` Տաշիր գրուպի նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ավտոդիլերի համասեփականատեր Կամո Ավագումյանը: Որ նրանք մուտք ունեն տարբեր աշխատասենյակներ Մոսկվայում ու Երևանում, գիտի նաև քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Խնդիրը նրանց անձնական շահը չէ, պետք էր որոշակի վճիռներ կայացնել, իսկ Հայաստանում շատ հարցեր են լուծվում Մոսկվայում գտնվող մարդկանց ազդեցության տակ, որովհետև Հայաստանի բյուջեն կապված է նրանց հետ, նրանք մասնակցում են էլիտայի ձևավորման վրա ու ազդեցություն ունեն խորհրդարանական ընտրությունների վրա»` ասել է նախագահի աշխատակազմին մերձ մի պաշտոնյա, որ կարծում է` մոսկովյան միլիարդատերերը համոզեցին Սարգսյանին հրաժարական տալ:
Փողոցային բողոքների ճնշումով հրաժարական տված Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի վաղեմի բարեկամն է, մերձ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը: Բայց Մոսկվան նրան հրապարակավ չպահեց: Կրեմլը ճիշտ եզրակացություններ է արել ոչ վաղ անցյալից, մասնավորապես ՈՒկրաինայի դեպքերից` կարծում է ՌԴ նախագահի աշխատակազմին մերձ պաշտոնյան: «Չի կարելի սփռել ոչ հիստերիա, ոչ հայտարարություններ, ոչ ռուսական պետական ԶԼՄ-ների սյուժետներ, որոնց գամված է ուշադրությունը Հայաստանում` այդ ամենը հարուցելու է կտրուկ դատապարտում»` ասում է նա: Ռուսաստանը սպասողական դիրքում էր: «Պետք էր կարգին աշխատել, տեխնոլոգիաներ մշակել, հասկանալ, որ Սարգսյանին հավերժ պահել չի ստացվի»` տրտնջում է նախագահի աշխատակազմին մերձ աշխատակիցը: Նրա կարծիքով` հետխորհրդային տարածքում ռազմավարական դաշնակիցների հետ աշխատել Կրեմլում այդպես էլ չեն սովորել: Սարգսյանն արդեն ելք չուներ: Եթե նա հրաժարական չտար, ստիպված էր լինելու մեկնել արտասահման` «Նրան շատ կոշտ կպաշտոնանկեին»:

Իսկանդարյանի կարծիքով` Կրեմլը շահագրգռված չէ Հայաստանի ներքաղաքական խնդիրները ղեկավարել. «Աշխարհաքաղաքական հանգամանքներն այնպիսին են, որ կարևոր չէ` ով է իշխանության ղեկին»: Այդ հանգամանքների թվում Իսկանդարյանը նշում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Ադրբեջանին աջակցող Թուրքիան, Իրանի հետ ընդհանուր սահմանը: Նրա կարծիքով` «Հայաստանի Արևմուտք հեռանալու» ռիսկեր չկան: Իշխանությունը ստիպված էր զիջել ընդդիմությանը ցածր լեգիտիմության և փողոցային ճնշման պատճառով` կարծում է Իսկանդարյանը: Մայիսի 1-ին Փաշինյանի դեմ քվեարկությունը խորհրդարանում և երկրորդ քվեարկությունը մայիսի 8-ին, ՀՀԿ-ի` իշխանությունը հանձնելու գործընթացը դանդաղեցնելու և իբրև քաղաքական ուժ պահպանվելու փորձ էր` նրա կարծիքով:
BBC


Հ.Գ. Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Ռուսաստանին հաջողվեց առաջին նախագահի հրաժարականից հետո իշխանության բերել իր ցանկացած մարդուն` Ռոբերտ Քոչարյանին, երկրորդ անգամ նույն խաղը չստացվեց` Սերժ Սարգսյանին համոզեցին հրաժարական տալ, որ մնա Կարեն Կարապետյանը: Պուտինը նույնիսկ նրան բացահայտ աջակցություն հայտնեց, բայց նույն ցեղից մեկ նախագահն էլ հերիք էր: Եվ այնպես չէ, թե ռուսական հեռուստաալիքները կամ մամուլը բացարձակապես լոյալ էին ու խաղաղասեր` տարբեր տրամաչափի հայառուս ու ռուս քաղաքագետներ մի քանի օր շարունակ Հայաստանում և մայդան էին տեսնում, և վարդերի հեղափոխություն, և Սորոսի «ձեռքը» ու ԱՄՆ դեսպանատան «մատը»: Բոլորին գերազանցեց, իհարկե, Լեոնտևը` նպատակը «ռսի օրհնած ոտը» նորից Հայաստանում տեսնելու սարսափ տարածելն էր: Չսարսափեցինք: Մնում է Հայաստանին անելանելի իրավիճակներով վախեցնելն ու կաշկանդված պահելը, որին կարող է հաջորդել ևս մեկ թավշե հեղափոխություն, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի քայլ առ քայլ նահանջել ՔՊ անդամ ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակետներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ